ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը խորհրդակցության էր հրավիրել նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) տնօրեններին: Տնօրենները ներկայացրեցին շահառուների խնամքի, սպասարկման, մանկատների և գիշերօթիկ խնամքի հաստատությունների մասով` նաև երեխաների կրթության ապահովման ուղղությամբ իրականացրած աշխատանքները, առկա խնդիրները և հանդես եկան առաջարկություններով: Ներկայացվեցին նաև որոշ խնդիրներ, որոնք լուծում են ստացել: Մասնավորապես` լուծվել է Գյումրու մանկան տան ջրագծերի, Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության անկողնային պարագաների, մի շարք հաստատությունների շենքային պայմանների բարելավման և այլ խնդիրներ:
Նախարարի հանձնարարականով նախօրոք իրականացվել էր խնդիրների գույքագրում, որոնք տարբեր հաստատություններում տարբեր են, սակայն հիմնականում լուծման կարիք ունեն հաստիքների, աշխատակիցների աշխատավարձերի, նեղ մասնագետներով ապահովվածության, որոշ տեղերում` գազով ջեռուցման, բյուջեի միջոցների վերաբաշխման, շենքերի կապիտալ վերանորոգման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման և այլ հարցերը: Տնօրենները բազմաթիվ խնդիրներ մատնանշեցին նաև գնումների գործընթացը կազմակերպելու վերաբերյալ: Վերջին հարցի կապակցությամբ նախարարը տվեց խիստ հանձնարարական:
“Դուք անձնական պատասխանատվություն եք կրում այդ գործընթացն իրականացնելու համար: Հատկապես կարևորում եմ գնվող ապրանքի, աշխատանքի, ծառայության տեխնիկական բնութագիրը հստակ կազմելու և ապրանքներն ու ծառայությունները համապատասխան մակարդակով ընդունելու գործընթացը”, – նշեց նախարարը:
Պարոն Ասատրյանը հանձնարարեց գրավոր առաջարկություններ ներկայացնել բարձրացված յուրաքանչյուր խնդիրը լուծելու ուղղությամբ:
“Խնդրում և պահանջում եմ ուշադիր լինել. տարեցների և երեխաների խնամքը պետք է իրականացվի բարձր մակարդակով: Աշխատավարձի խնդիր իրոք կա, սակայն դա էական պատճառ չէ որևէ հարցում թերանալու համար: Այս ոլորտում պետք է աշխատեն մարդիկ, որոնց կոչումը ուրիշների հոգսով ապրելն է: Այն գործընթացը, որ այսօր իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ, առնչվելու է բոլորիդ: Մենք պետք է ունենանք սոցիալական աշխատողներ, ովքեր լուծելու են անհատների, ընտանիքների խնդիրները: Կոչ եմ անում այսուհետ ևս խնդիրները վեր բարձրացնել, կոնկրետ առաջարկություններ ներկայացնել, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել դրանք: Մոտ ապագայում կփորձեմ այցելել բոլորիդ, տեղերում ծանոթանալ առկա խնդիրներին”, – նշեց նախարարը: