0
81

Շարունակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հանդիպումները պետական խնամքի հաստատությունների աշխատակազմերի հետ: Հանդիպումների հիմնական նպատակը 2012թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումն ու 2013 թվականի անելիքներն են:

Ս/թ հունվարի 21-ին նախարարի մոտ առանձին քննարկումներ տեղի ունեցան Երևանի մանկան տան, Վանաձորի և Գավառի մանկատների, Գյումրու ՞Երեխաների տան՞ պատասխանատուների հետ, որոնց մասնակցում էին նախարարի` համապատասխան ոլորտները համակարգող տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Պարոն Ասատրյանի առաջարկությամբ տնօրենները ներկայացրեցին յուրաքանչյուր հաստատությունում խնամվող երեխաների թիվը, խմբերի ծանրաբեռնվածությունը, համապատասխան մասնագետներով համալրվածությունը, սննդով և սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովվածությունը, սննդակարգերը, խնամքի առանձնահատկությունները, խնդիրները:

Քննարկումները ցույց տվեցին, որ բոլոր հաստատությունները, իրենց առանձնահատկություններից ելնելով, հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Պետական բյուջեի միջոցները ծախսվել են նպատակային, գնումների գործընթացի արդյունքում եղել են նաև խնայողություններ: Միաժամանակ նշվեց, որ բացի բյուջեի միջոցներից,  շարունակվում են բարեգործական խողովակներով տրամադրվող օգնությունները, որոնք ուղղվում են շինարարական աշխատանքներին, փափուկ գույքի ձեռքբերմանը, անհրաժեշտ բարդ վիրահատություններին: Միանման խնդիրներից բացի, կախված հաստատությունների տիպերից, յուրաքանչյուրն ունի նաև առանձնահատկություններ: Օրինակ` եթե մասնագիտացված հաստատությունների համար առաջնային են դեղորայքի և սանիտարահիգիենիկ պարագաների, ապա ընդհանուր տիպի մանկատներում` հագուստի տեսականու ընդլանման, տնտեսական բնույթի ծախսերի, 18 տարին լրացած երեխաների հետագա ճակատագրի խնդիրները:

Տնօրեններն առաջարկություններ ներկայացրեցին բյուջեի միջոցների վերաբաշխման, հաստիքացուցակներում փոփոխություններ կատարելու, անձնակազմի վերամասնագիտացման, հաստատություններին կից ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծելու, որդեգրման գործընթացում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

2013թ. գնումների գործընթացը սկսվել է, բոլոր հաստատություններն ապահովված  են  սննդով, վառելիքով, ընթացքի մեջ են մյուս ծառայությունների  գնման գործընթացները, սակայն որպես ընդհանուր խնդիր բոլոր տնօրենները նշեցին գնումների փոփոխված օրենսդրությանը ծանոթանալու,  գնումների գծով լիցենզավորված մասնագետներ պատրաստելու նպատակով հատուկ դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:

Նախարարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները ստացան  հնչած առաջարկություններին և խնդիրներին համապատասխան ընթացք տալու վերաբերյալ հստակ հանձնարարականներ:

Հաշվետվությունների ներկայացումները և քննարկումները կշարունակվեն մինչև ս/թ հունվարի 29-ը: