Մամուլի ասուլիս` նվիրված “Հավասար հնարավորություններ” թեմայով

0
77

Սեպտեմբերի 16-ին “Նովոստի Արմենիա” միջազգային մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված “Հավասար հնարավորություններ” խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա “Արևածաղիկ” մրցույթին: “Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ արդեն 8-րդ տարին է, ինչ անց են կացնում վերոնշյալ մրցանակաբաշխությունը, որի նպատակը հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Ասուլիսը բացեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հ. Խաչատրյանը: Նա կարևորեց  լրատվամիջոցների և լրագրողների ակտիվ մասնակցությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները վեր հանելու, հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը կոտրելու գործում:

“Արդեն 8-րդ անգամ է տեղի ունենում այս մրցույթը, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են մեծ թվով լրագրողներ` հրապարակումների, հեռուստառեպորտաժների, ռադիոհաղորդումների ժանրերում ներկայացնելով իրենց աշխատանքները, փոխելով հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ”,- նշեց տիկին Խաչատրյանը:

“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության նախագահ Ս. Թադևոսյանը ներկայացրեց մրցույթի պայմանները, ժյուրիի ձևավորման սկզբունքները: Յուրաքանչյուր տարի ժյուրիի կազմում ընդգրկվում են նախորդ տարվա հաղթողները: Դա հնարավորություն է տալիս անաչառ գնահատել ներկայացված աշխատանքները, ինչն էլ բարձրացնում է մրցանակաբաշխության հեղինակությունը: Տիկին Թադևոսյանը ներկա լրագրողներին խորհուրդ տվեց նյութերը պատրաստելիս ելնել 2010թ. մայիսին մեր երկրի կողմից վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներից:

Լրագրողների համար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կկազմակերպվեն ուսուցողական սեմինարներ:

Մրցույթին կարող են ներկայացվել 2009թ. նոյեմբերի 20-ից 2010թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Ընդունման վերջնաժամկետն է 2010 թ. նոյեմբերի 22-ը:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2010թ. դեկտեմբերի 3-ին:

Կազմակերպիչները հրավիրում են Հայաստանի Հանրապետության բոլոր լրագրողներին  մասնակցելու մրցույթին: