ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը:
Օրակարգում կար երկու հարց. “Աշխատանքային խմբի աշխատակարգի մասին” և “Պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մասին` ըստ գերատեսչությունների”:
-“Պետական նպաստների հասցեականության խնդիրը ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է: Բոլորդ տեղյակ եք, որ 2011թ. հունվարից տեղեկանքների ներկայացումը հնարավորինս բացառվելու է, քաղաքացին հայտարարելու է իր տվյալները, մնացածը պետք է կատարվի պետական մարմինների տեղեկատվական բազաների կողմից”,- բացման խոսքում նշեց պարոն Ասատրյանը: Այս համատեքստում կարևորվում է պետական և տեղական ինքնավարման մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաների առկայությունը, վիճակը, տվյալների ավտոմատ համադրման հնարավորությունը:
Բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները տեղեկատվություն տրամադրեցին կատարված աշխատանքների մասին, որոնք հեռու էին բավարար լինելուց: Մասնավորապես` ընտանիքների կազմի, բնակության վայրի, գյուղատնտեսական տեխնիկայի, անասունների գլխաքանակի, հողի չափի, տեսակի, և բազմաթիվ այլ` նպաստների հասցեականությունը պայմանավորող, անհրաժեշտ տեղեկատվություն դեռևս պատրաստ չեն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Կադաստրի պետական կոմիտեն, բնակչության պետական ռեգիստրը և մի շարք այլ մարմիններ:
Նկատի ունենալով խնդրի կարևորությունն ու ժամկետների սղությունը, նիստի ընթացքում հստակեցվեցին յուրաքանչյուր գերատեսչության անելիքները, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` հնարավորինս սեղմ ժամկետում պետական նպաստներին առնչվող բոլոր բազաներն արդիականացնելու, սոցիալական քարտերի համարների ներառման միջոցով պարբերական, ավտոմատ համադրում իրականացնելու ուղղությամբ:
Ըստ աշխատակարգի` մինչև հաջորդ ամսվա 15-ը կատարվածի մասին խումբը զեկուցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: