Նոյեմբերի 1-ից դադարեցվում է հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում դրամական աջակցության գումարների նշանակումը

0
153

2020թ. սեպտեմբերի 10-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2020 սեպտեմբերի 3-ի N 1464-Լ որոշումը, որի համաձայն` մի շարք լրացումներ և փոփոխություններ են կատարվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ միջոցառումները հաստատող՝ ՀՀ կառավարության որոշումներում:

Կատարված փոփոխությունների համաձայն՝
1. 2020 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցվում է նշված որոշումների շրջանակներում դրամական աջակցության գումարների նշանակումը:

2. Սոցիալական աջակցության ծրագրերի դիմումներ կարող են ներկայացվել՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ)
1) Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ և իններորդ միջոցառումների շրջանակներում` online.ssa.am կայքէջին,
2) Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շրջանակներում Ծառայության պաշտոնական էլեկտրոնային հասցեին (info@ssa.am), e-request.am կայքի միջոցով, փոստային կամ առձեռն եղանակով՝ Ծառայության վարչական շենք՝ ք. Երևան, Նալբանդյան 13: Նշված դիմումները ներկայացվում են շահառուների ցանկում չներառված երեխայի համար (եթե ՊԵԿ տրամադրած շահառուների ցանկում չեն ներառվել բոլոր երեխաները), եթե միջոցառման շրջանակներում որևէ երեխայի համար ՊԵԿ տրամադրած շահառուների ցանկում ընգրկված ծնողին արդեն վճարվել է դրամական աջակցություն: Դիմումին կցվում են՝ շահառուների ցանկում չներառված երեխայի ծննդյան վկայականի, երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները, անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր:

3. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է, եթե շահառուն (հղի կինը) բժշկական կազմակերպություններում հաշվառվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը:

4. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ յոթերորդ, ութերորդ և իններորդ միջոցառումների շրջանակներում նշանակված, սակայն շահառուի (ում անունով կամ ում քարտային հաշվին փոխանցվել է աջակցության գումարը) մահվան պատճառով չվճարված գումարները վճարելու համար շահառուի մահվան ամսվանից հետո` վեց ամսվա ընթացքում, շահառուի օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Ծառայություն՝ ներկայացնելով՝

1) դիմում, որում ներառվում են`
ա. շահառուի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
բ. մահացած շահառուի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,
գ. անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ում համար նշանակվել է գումարը,
դ. բջջային հեռախոսահամարը, որին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով պետք է տեղեկացնել դիմումի պատասխանը.
2) շահառուի մահվան վկայականը.
3) մահացած շահառուի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը.
4) անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի (ում համար նշանակվել է միանվագ աջակցությունը) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության, ամուսնության վկայական, հայրության շահառուի ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն).
5) շահառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում՝ ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար՝ երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը լինելը հավաստող փաստաթղթեր (ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական, խնամակալի դեպքում՝ նաև խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ).
6) բանկի անվանումը և շահառուի օրինական ներկայացուցչի քարտային հաշվի համարը, որին պետք է փոխանցել շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը:
Շահառուի օրինական ներկայացուցիչ է համարվում շահառուի ամուսինը կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխան և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված ընտանիքի այլ անդամը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար՝ երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: