ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առցանց քաղաքավարական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի հետ:
«Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ տիկին Մարիան Քլարկ–Հաթինգը, ով ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը:
Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրներն առավել զգալի են դարձել համավարակի հետևանքով, և դրանց համակարգային լուծումը առաջնահերթություն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար.
«Մեզ համար շարունակում են առաջնահերթություն մնալ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը, հաստատություններում ապրող մարդկանց ապաինստիտուցիոնալացումը՝ այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նպաստի համակարգի գաղափարական վերանայումը, և այս գործընթացներում մենք ակնկալելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը»,- ասել է նախարարը:
Մարիան Քլարկ–Հաթինգը բարձր է գնահատել ապաինստիտուցիոնալացման և երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անելիքներ դեռ շատ կան.
«Կարծում եմ՝ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացումը, որդեգրման կարգի բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ընդլայնմանը և որակի բարելավմանն ուղղված ջանքերը պետք է շարունակական լինեն: Մենք ուրախ կլինենք աջակցել այս գործընթացում ևս՝ կիսելով Ձեզ հետ մեր կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Երկու ամսից պատրաստ կլինի նաև մեր մասնակցությամբ իրականացվող հետազոտության արդյունքները, որն ուղղված է խոցելի ընտանիքների վրա համավարակի ազդեցության ուսումնասիրությանը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի խոցելի խմբերին ուղղված պետական քաղաքականության և քայլերի մշակման համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Նախարար Բաթոյանը արդյունավետ աշխատանք է մաղթել տիկին Մարիան Քլարկ–Հաթինգին և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը չի խանգարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին վայելել Հայաստանի գեղեցկությունն ու հայերի ջերմ հյուրընկալությունը: