Զարուհի Բաթոյանն այցելել է վիրավորված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, կամավորներին

0
80

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, կամավորականներին: Նախարարը զրուցել է նրանց ընտանիքի անդամների հետ:

«Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք»,- ասել է նախարարը:

Չնայած, որ վիրավոր զինծառայողների հարազատները թեև նշել են, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, Զարուհի Բաթոյանի հանձնարարությամբ նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպվի բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:

Զրույցների ընթացքում զինվորներին հուզող միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է եղել: