Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ

0
96

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամաստաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:

Արցախից նոր ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

Հիշեցնենք, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։