«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեղեկատվական արշավ՝ սոցիալական ոլորտի աշխատակիցների համար

0
150

2020թ. հոկտեմբերի 21-23-ին «Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական  և իրազեկման  կենտրոն»  հիմնադրամն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ անցկացրել է «Կիբեռանվտագությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեղեկատվական արշավ: Արշավի հիմնական նպատակն էր սոցիալական ոլորտի մասնագետներին տրամադրել գիտելիք ճգնաժամային իրավիճակներում առցանց տիրույթում տեղեկատվության օգտագործման և տարածման, հնարավոր վտանգներից պաշտպանվելու համար:

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, ք.գ.թ. Անահիտ Պարզյանը հանդես է եկել «Կիբեռանվտանգությունը՝ սոցիալական աշխատողների համար ճգնաժամային իրավիճակներում» ելույթով: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ  Գևորգ Հայրապետյանն ունկնդիրներին ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող զեկույց: Սոցիալական աշխատանքի փորձագետ Լուսինե Քարամյանը խոսել է սոցիալական ոլորտի մասնագիտական էթիկայի խնդիրներերի վերաբերյալ։

Սոցիալական ոլորտի շուրջ 250 մասնագետներ առիթ են ունեցել ծանոթանալու կիբեռանվտանգության հիգիենայի կանոններին, սովորել են պաշտպանվել տարրատեսակ կիբեռհարձակումներից ու մոլորեցնող թակարդներից, ծանոթացել անձնական տվյալների պաշտպանության կարևոր դրույթներին, մասնավորապես՝ ճգնաժամային իրավիճակներում:

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշել է, որ Կիբեռանվտանգության տեղեկատվական արշավը՝ հատկապես սոցիալական ոլորտի աշխատակիցների համար, առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում: Ոլորտի մասնագետների հմտությունների բարձրացումը կիբեռգրագիտության, անձնական տվյալների մշակման ու պահպանման ոլորտներում կնպաստի հանրության կարիքները գնահատելու, ուղղորդելու ու օգնություն ցուցաբերելու հարցում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններն իրականացվում են թվային եղանակով, խիստ կարևոր է ոլորտի աշխատակիցների բարձր կիբեռգրագիտությունը: