Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013թ. ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին: Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը:
Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի վերահսկողություն: Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով փոփոխություններ, կառավարությունը սահմանել է, որ լսողության խնդիր ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրումը կիրականացվի ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի, այլև պետական հավաստագրի միջոցով: