2013թ. փետրվարի 12-ին Հայաստանի ազգային սկաուտական շարժում “ՀԱՍԿ” հկ-ի կենտրոնական գրասենյակում կայացավ փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրում` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի և Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հ. Շմավոնյանի միջև:
Հուշագիրը հավաստում է վերոնշյալ երեք կողմերի պատրաստակամությունը` օժանդակել “Անապահով երեխաների կազմակերպական զարգացում և ներգրավվածություն” ծրագրին, որը կյանքի է կոչվելու “Խաղաղության սուրհանդակներ” առաքելության շրջանակներում: Ծրագիրը նպատակաուղղված է ավելացնելու սկաուտական կազմակերպության միջոցով անապահով երեխաների հասարակական ներգրավվածության աստիճանը, կանխարգելելու նրանց շրջանում հակասոցիալական վարքի դրսևորումներն ու ապահովելու երեխաների ծանոթությունն ու մասնակցությունը սկաուտական շարժմանը: Ծրագրում, որը նախատեսվում է իրականացնել 2 տարիների ընթացքում, կներգրավվեն խնամքի պետական հաստատություններում ապրող 700-ական սոցիալապես անապահով երեխա: Կկազմակերպվեն սեմինարներ, սկաուտական դասընթացներ, արշավներ և բանակումներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 18 մլն դրամ, որը դրամաշնորհային կարգով ՀԱՍԿ-ին տրամադրել է Համաշխարհային սկաուտական շարժման “Խաղաղության սուրհանդակներ” հիմնադրամը:
“Կարևորում եմ այս ծրագիրը, քանի որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար իրականացնում ենք տարաբնույթ ծրագրեր, և այս նախաձեռնությունը ևս գիշերօթիկ խնամքի հաստատություններում և մանկատներում խնամվող դեռահասների կյանքի և դաստիարակության հարցում էական դեր է խաղալու: Պետական քաղաքականության շրջանակներում այդ երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ և մենք խնդիր ունենք այդ երեխաներին հասարակություն ինտեգրելու: Կանենք ամեն ինչ, որ ծրագրի առաքելությունը կատարվի և ապահովվի շարունակականությունը: Բարի երթ”-, իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: