Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվել է

0
89
Close-up of businessman examining business contract and signing it at the office desk

Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվել է․ Կառավարությունը հաստատել է նախագիծը։

Նախկին որոշմամբ՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերին դիմել կարող էին միայն 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում փաստացի գտնվող, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հաշվառված և 3 ամիս այնտեղ փաստացի ապրած քաղաքացիները։

Այսուհետ ծրագրերին դիմել կարող են նաև Արցախում հաշվառված և այդ հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիները։

Հիշեցնենք, որ արցախցիների՝ ժամանակավոր զբաղվածության ծրագրերից օգտվելու դիմումներն արդեն ընդունվում են։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ զուտ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ այս հասցեում http://employment.am/?online_application=1  լրացնելով համապատասխան դիմումը։