Ստեղծվում է Միասնական սոցիալական ծառայություն

0
273

Այսուհետ շահառուների կարիքները կգնահատվեն սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգի միջոցով․ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ստեղծվում է Միասնական սոցիալական ծառայություն։

Այն կներառի սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները։

Միասնական սոցիալական ծառայությունը ոչ միայն կապահովի բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատումն, այլև կնպաստի սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ  կբարձրանա սոցիալական ծառայությունների որակը և կապահովվի ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումն ու անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացումը։