Համալիր սոցիալական ծառայություների անդրանիկ տարածքային կենտրոնը Երևանում
Ս/թ ապրիլի 30-ին Երևան, Խուդյակով 222 հասցեում տեղի ունեցավ Ավանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդանյանը, սոցիալական աշխատողներ, վարչական շրջանի բնակիչներ:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, կիրառելով նոր մեթոդներ և մեխանիզմներ` հիմքում դնելով հաճախորդի սոցիալական կարիքները:
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Համակարգը ներդնելու փորձնական ծրագիրը սկսվել է ՀՀ Արարատի մարզից, որին աստիճանաբար միանում են հանրապետության տարբեր շրջաններում գործարկվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:
Ավանի կենտրոնի բացումով մեկնարկվում է համակարգի ներդրման գործընթացը մայրաքաղաքում: Հատկանշական է, որ Երևանի ավագանու որոշմամբ առաջին անգամ սոցիալական ծառայությունների հիմնական և մշտական տեղակայման համար տրամադրվել են համապատասխան շենք-շինություններ` Երևանի բնակչությանը ՙմեկ պատուհանի՚ միջոցով հասանելի և մատչելի սոցիալական ծառայությունների մատուցում ապահովելու նպատակով:
Մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը հանրապետությունում գործարկվելու են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 19 կենտրոններ, որոնցից 6-ը Երևանում` Ավան, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Աջափնյակ, Էրեբունի, Դավիթաշեն վարչական շրջաններում:
Հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 521431