ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում սկսվեցին սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանն ուղղված կադրերի ուսուցման և վերապատրաստման դասընթացները: Հնգօրյա դասընթացներին մասնակցում են սոցիալական ապահովության պետական ծառայության, սոցիալական ծառայությունների, զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների 50 աշխատակիցներ:
Դասընթացների ընթացքում տեսական և գործնական պարապմունքները հնարավորություն կտան համակողմանիորեն ծանոթանալ սոցիալական պաշտպանության համակարգին, ռիսկերին և դրանց հաղթահարման ուղիներին, յուրաքանչյուր աշխատակցի գործառույթներին, տեղեկատվական համակարգերին:
Դասընթացների բացմանը մասնակցում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: Ողջունելով սոցիալական աշխատողներին, նախարարը նշեց. – “Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում են լրջագույն փոփոխություններ, փոխվում է ոչ միայն ծառայությունների ձևը, այլև բովանդակությունը: Այդ փոփոխություններն ունեն մեկ նպատակ` բուն սոցիալական աշխատանքը տարանջատել աջակցության գումարներ տրամադրելու ծառայություններից, գնալ դեպի ընտանիքը, քաղաքացին: Միասնական ընդունարանում դիմումի ընդունումից մինչև դեպք վարելը պիտի լինի մեկ շղթա: Կարևորագույն խնդիրը սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն է, սոցիալական աշխատողը պիտի լինի համայնքային, ծրագրերը պիտի լինեն համայնքի խնդիրներին համապատասխան: Պիտի կանոնակարգվեն տունայցերը, փոխհատուցվեն աշխատողների ծախսերը: Մինչև մայիսի 31-ը հանրապետությունում գործելու են 19 ինտեգրված կենտրոններ, փորձարկվում է համալիր սոցիալական ծառայությունների մոդելը: Նոր մոդելի վերջնական ձևավորումը կախված է նաև ձեզնից”:
Պարոն Ասատրյանը նշեց, որ և աշխատողների և քաղաքացիների համար ստեղծվում են սպասարկման լավագույն պայմաններ: Քաղաքացին պիտի զգա, որ ինքը կարևոր է պետության համար` անկախ իր սոցիալական վիճակից:
“Ոչ մի բան միանգամից չի արվում, պիտի արդյունք ապահովել, զուգահեռաբար հաղթահարելով ծագող խնդիրները: Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքով է հնարավոր լինելու լուծել սոցիալական խնդիրները”,- իր խոսքն ավարտեց նախարարը:
Մասնակիցների հարցերը վերաբերվում էին գործատուների հետ համագործակցությանը, հաստիքների ավելացմանը, տրանսպորտային երթուղիների մատչելիությանը: Նախարարը պատասխանեց բոլոր հարցերին և հաջողություններ մաղթեց դասընթացների մասնակիցներին: