Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումն ապահովելու նպատակով կիրականացվեն համակարգված, հասցեական և համալիր միջոցառումներ. միջազգային լավագույն փորձի հիման վրա կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ, որոնք ծառայություններ կմատուցեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման վերաբերյալ նախագծին Կառավարությունն այսօր հավանություն է տվել։
Ըստ այդմ՝ անկախ կյանքի կենտրոններում զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման ծառայություններ և այլն։
Մատուցվելիք սոցիալական ծառայությունները կներառեն շահառուի կարիքների գնահատում, անկախ կյանքի հմտությունների ձևավորում, ուղեկցողի ծառայություն, խնամք, բնակարանների հարմարեցման խորհրդատվություն և աջակցություն, աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատում, տրամադրում և ուսուցում, հոգեբանի խորհրդատվություն և այլն։
Զբաղվածութան ապահովման ծառայությունների շրջանակում աշխատանք փնտրողներին կտրամադրվի խորհրդատվություն և մենթորինգ, կկազմակերպվի կարճաժամկետ մասնագիտական ուսուցումներ, ըստ անհրաժեշտության՝ գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցում և այլն։
Սոցիալական ձեռնարկատիրության խթանման շրջանակում կներդրվեն սոցիալական ձեռնարկատիրության նոր բիզնես մոդելներ՝ ըստ կարիքների գնահատման և շուկայի վերլուծության, աջակցություն կտրվի նաև սոցիալական ձեռնարկատիրության արտադրանքի իրացմանը, կայուն եկամուտ ապահովելուն, իսկ մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայությունները կներառեն համայնքում առողջ ապրելակերպ վարելու նվազագույն պայմանների ապահովում, ունիվերսալ դիզայնի սկզբունքների ներդնում մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ։
Համալիր ծառայությունների մատուցումը դրական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլ նաև նրանց ընտանիքների և հասարակության՝ «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա: