Սեպտեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթկան նիստում հաստատվեց “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:
Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետին պետք է տեղեկատվություն ներկայացնի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և մարզպետները մինչև 2012թ. նոյեմբերի 1-ը պետք է ապահովեն իրենց ղեկավարած հիմնարկների, իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) համապատասխան աշխատակիցների կողմից (այն աշխատակիցների կողմից, ովքեր ստորագրելու են գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները) նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի տեղեկատվական համակարգ մուտք գործելն ապահովող` օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալը: Մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը պետք է ապահովեն նշված աշխատակիցների համար գրանցման հայտեր ներկայացնելը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հավաստմամբ` մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և պետական եկամուտների կոմիտեից օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալու դեպքում հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձի էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձավճարը 2013թ. համար կվճարվի պետական բյուջեի միջոցներից:
Նույնականացման քարտ ստանալն արժե 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը 3000 դրամ է: Նույնականացման քարտեր ստանալու համար պետք է դիմել ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրություն տրամադրում է ՀՀ կառավարության հիմնադրած “Էկինգ” ընկերությունը:
Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք էլեկտրոնային ստորագրություն չեն ունենա, նրանց հաշվետվությունները չեն ընդունվի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ կերպ` 2013թ. կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Մարզերում արդեն ստեղծվել են աշխատանքային խմբեր գործընթացին աջակցելու համար: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ իրազեկում և տնտեսվարող սուբյեկտների ուսուցում, որպեսզի 2013թ. արդեն հնարավոր լինի անցնել միասնական հաշվետվության ձևին: