Սեպտեմբերի 7-ին, Կոնգրես հյուրանոցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի (խորհրդատու կազմակերպություն) և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգ ներդնելու վերաբերյալ խորհրդատու կազմակերպության կողմից մշակված երկու նախագծերն ու դրանց հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշումը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու Ժան-Միշել Հափին, սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման իրավասություններ ունեցող պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտի հիմնահարցերի լուծման առաքելություն ունեցող միջազգային և տեղական ոչ կառավարական շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ:
Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը ընդգծեց հանդիպման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
“Շուրջ 2 տարի քննարկվող Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրն այսօր դարձել է փորձնական, որն իրականացվում է Արարատի մարզում: Սոցիալական պաշտպանության ոլորտն եղել է տարբեր իրավիճակներում: Անցում կատարելով նոր համակարգի` մեր նպատակն է այն դարձնել առավել հասցեական ու արդյունավետ: Հիմք ընդունելով քաղաքացու կամ նրա ընտանիքի կարիքների գնահատումը` կկարողանանք նրան հուզող խնդրին լուծում տալ տարատեսակ քաշքշուկներից ու թղթաբանությունից զերծ ծառայության միջոցով: Ծրագրի ամբողջական ներդրմամբ յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի քաղաքացու հետ նվազագույն շփման արդյունքում: Խնդիրները շատ են` կարողությունների հզորացում, աշխատակիցների վերապատրաստում, շահառուի կարիքների գնահատում: Մեր նպատակն է բազմաթիվ ծրագրեր իրականացնելով քաղաքացուն բերել այն վիճակի, որ ինքը լուծի իր խնդիրը` հասարակության մեջ դարձնելով առավել մրցունակ”, իր խոսքում ընդգծեց պարոն Ասատրյանը:
ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրի գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանն ու “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները:
Առաջին բանախոսը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի “Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին” N952-Ն որոշումը, որով հաստատվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրն ու ՀՀ Արարատի մարզում իրականացվող փորձնական ծրագիրը: Այդ որոշմամբ նաև սահմանվել են փորձնական ծրագրում այլ ՀՍԾՏԿ-ների ներառման սկզբունքը` ըստ վերանորոգման վերազինման աշխատանքների ավարտի և համակարգի ամբողջական ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամկետները:
Ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի ՀՀ վարչապետին կից ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, որն կիրականացնի համապատասախան վերահսկողություն, ինպես նաև ՀՀ ԱՍՀՆ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային և փորձագետների մասնագիտական խմբեր, որոնք կզբաղվեն ամենօրյա խնդիրների լուծմամբ, կներկայացնեն իրավական նորմատիվ ակտերի նախագծեր և առաջարկություններ:
“Տեղեկատվական ինտեգրումը որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կարևորագույն բաղադրիչներից մեկը” թեմայով հանդես եկավ ՀՀ ԱՍՀՆ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանը: Նա նշեց, որ տարբեր տեղեկատվական գործիքների ու միջոցների ընդհանրացումն է տեղեկատվական ինտեգրումը, որը միտված է սոցիալական ինտեգրված ծառայությունների առավել արդյունավետ դարձնելուն: Զեկույցի ընթացքում բանախոսը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական պաշարները, որոնք ունեն տարբեր խնդիրներ` կիրառվող տեխնոլոգիաներ, տեղեկատվական համակարգերի վարման սկզբունքներ և ընթացակարգեր, որոնց արդյունքում ցածր է տեղեկատվության փոխանակության արդյունավետությունը, տեղեկատվության ձևախեղման, կորստյան բարձր ռիսկը: Ներկայացվեց նաև այն գործողություններն ու քայլերը, որոնց արդյունքում կունենանք քաղաքացուն մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման գործուն համակարգ:
Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչները զեկուցեցին 2011թ. օգոստոսից մինչև 2012թ. սեպտեմբերն իրականացված աշխատանքների, մասնավորապես, “Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդել”-ի երկու տարբերակների, դրանց ներդրման նպատակահարմարության, ակնկալվող արդյունքների և հնարավոր ռիսկերի, ինչպես նաև ՀՍԾՏԿ մոդելի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական, այդ թվում` ֆինանսական պահանջների վերաբերյալ:
Զեկույցները ներկայացնելուց հետո ինչպես խորհրդատու կազմակերպության, այնպես էլ ՀՀ ԱՍՀՆ ներկայացուցիչները հիմնավորեցին նման համակարգի անցնելու անհրաժեշտությունը այն տեսակետից, որ այն ստեղծում է հնարավորություններ տրամադրվող սոցիալական ծառայությունները հաճախորդի համար դարձնել էլ ավելի մատչելի և արդյունավետ: Այն հիմնվում է պետության, համայնքի և ոչ պետական կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցության վրա և ենթադրում է սոցիալական ծառայությունների տրամադրման հիմքում դրված առկա մոտեցումների, սկզբունքների, մեթոդների արմատական վերանայումներ: