0
108

Սեպտեմբերի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, “Մարդկային զարգացման միջազգային կենտրոն” ՀԿ-ի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը (ՄՄԿ) ստորագրեցին Համագործակցության հուշագիր` ՚Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի՚ և “Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի” շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման աջակցության վերաբերյալ:

Համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների և գործողությունների իրականացմանը, ինչպես նաև սահմանված ժամկետներում ակնկալվող արդյունքների ապահովմանը, ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 30-ի թիվ 51 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացմանը:

Այս փաստաթղթերը նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն, ՄԱԿ-ի ՙԲոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին՚ կոնվենցիայի ընդունում, ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:

“Արդեն ավանդույթ դարձած` նախարարության և տեղական ու միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունք է նաև այս հուշագրի ստորագրումը: Միգրացիայի հետ կապված հարցերը դեռևս բավականին խնդրահարույց են, չնայած այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից բավականին աշխատանքներ են կատարվել: Հուշագրի ստորագրմամբ ավելի առարկայական միջոցառումներ կիրականացվեն արդեն իսկ ընդունված ծրագրերի շրջանակներում: Այդ նպատակով կստեղծվի համակարգող հանձնաժողով` շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի աշխատանքային խումբ` փորձագետների ներգրավմամբ: Կատարվելիք աշխատանքների նպատակն է հնարավորինս կանոնակարգել աշխատանքային միգրացիան, պաշտպանել ՀՀ քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները: Կարևորում եմ մեր համագործակցությունը և ակնկալում եմ հիմնարար ու լիարժեք արդյունքներ”,- ընդգծեց իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացնում են ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՄՄԿ-ի “ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում Տեխնիկական աջակցություն” և Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրերը, որոնք աշխատանքային միգրացիան կարգավորող օրենսդրություն մշակելու գործում հնարավորություն կընձեռեն տեխնիկական աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը:

“Մենք երկար տարիներ սերտ համագործակցում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության հետ և պատրաստ ենք այս հուշագրի շրջանակներում աշխատանքային միգրացիայի շրջանառու սխեմաների մշակման գործում, ինչպես նաև այլընտրանքային միջոցների, մասնավորապես օտար պետություններում օրինական կարգավիճակով ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ աշխատանքի տեղավորման հնարավորությունների հարցում տրամադրել համապատասխան աջակցություն”,- նշեց իր խոսքում ՄՄկ-ի Հայաստանի առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:

“Մարդկային զարգացման միջազգային կենտրոն”-ը մեծ դեր է խաղում արտասահմանում աշխատանք փնտրողներին տվյալ երկրի աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տալու հարցում, միաժամանակ փորձում է օգնել Հայաստան վերադարձած աշխատանքային միգրանտներին վերաինտեգրվելու և աշխատանք գտնելու գործում:

“Կարևորում եմ պետական մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից նոր օրենքների մշակումն ու ինստիտուտների ստեղծումը: Մարդկանց աշխատանքի մեկնելու ցանկությունը կարևոր է, սակայն պետք է մշակել այն ձևը, որը թույլ կտա մարդկանց օրինական ձևով գնալ և չխզել կապը իրենց երկրի հետ”,- իր խոսքում նշեց կենտրոնի տնօրեն Թ. Պողոսյանը:

SHARE
Previous article
Next article