2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է։
Այսուհետ կարող են միջոցառման շահառու դառնալ և աջակցություն ստանալ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները, որոնց կտրամադրվի 1,000,000 դրամ միանվագ աջակցություն։ Նրանք ծրագրին կարող են դիմել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ old.mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:
Նույն ծրագրին քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք կարող են դիմել մինչև 2021 թ․մայիսի 1-ը՝ ապրիլի 1- փոխարեն։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի և Արցախի քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրամադրվում՝
1) 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3,000,000 դրամ,
2) 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ,
3) 3-րդ խմբի դեպքում՝ 1,000,000 դրամ,
4) Հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,
5) Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5,000,000 դրամ։