2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվել էին բուժամարզական պրոթեզներ, որոնք այժմ փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով։
Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը հնարավորություն կտա բարելավել նրանց կյանքի որակը, բարձրացնել կենսագործունեության մակարդակն ու նպաստել ինքնուրույն կենցաղավարմանը։
Գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Ինտերօրթո» ՍՊԸ, հետևել միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրմանը, զրուցել աջակցող միջոցներ ստացող շահառուների հետ, լսել նրանց ու մասնագետների կարծիքը՝ պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ։
«Օրթեզ» ՍՊԸ-ում ևս նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել տրամադրվող աջակցող միջոցների որակական չափորոշիչներն ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր, հստակեցրել այդ ուղղությամբ համատեղ անելիքները։