Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Եվրոպայի խորհրդի ջանքերով և Կանանց աջակցման կենտրոն ՀԿ համագործակցությամբ՝ այսօրվանից անցկացվում է երկօրյա դասընթաց՝ «Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելում» թեմայով։
Այն նպատակ ունի խթանել գենդերային հավասարությունը Հայաստանում, պաշտպանել բռնության ենթարկված անձանց՝ բարձրացնելով վերջիններիս իրազեկվածությունը։
Դասընթացի շրջանակում ներկայացվում է երեխաների և կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետևանքները, կանխարգելման մեխանիզմները, բռնության օրինաչափությունները, բռնություն վերապրած անձանց վկայությունները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը բացման խոսքում կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ջանքերն ու ներդրումն ընտանիքում բռնության դեմ պայքարին ուղղված աշխատանքներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ չնայած իրականացված մեծածավալ աշխատանքներին, այնուամենայնիվ, ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության դեմ պայքարի ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ և մարտահրավերներ․
«Նախարարության կողմից իրականացվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված մի շարք գործողություններ։ Թեպետ այս պահին վերջիններիս պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ են ներդրված՝ գործում են աջակցության կենտրոններ, ապաստարաններ, այնուամենայնիվ, գործնական առումով դրանք կատարելագործման կարիք ունեն»,- նշել է Տ․ Ստեփանյանը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործում պետության շարունակական աջակցությունը՝ նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման, անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ներդրման առումով։