Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով

0
107

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արձակուրդի տրամադրման կարգավորումներում նախատեսվում են մի շարք փոփոխություններ։     

Ըստ այդմ՝ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս շուրջ 2,5 և ավելի տարի աշխատողին չի տրամադրում արձակուրդ՝ բացառությամբ օրենքով նախատեսված որոշակի դեպքերի։

Նախատեսվում է նաև կարգավորում աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման այն դեպքերի համար, երբ վերջինս 2,5 և ավելի աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս դեպքում, նախատեսվում է գործատուին հնարավորություն տալ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշել անձամբ, իսկ համապատասխան անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի դիմումի առկայության:

Իրավակիրառ պրակտիկայում առաջացող տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկվում է աշխատողին հնարավորություն տալ պահպանել ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ վերջինիս ամենամյա արձակուրդը չի տրամադրվել օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Աշխատողի պահանջով՝ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր, չվճարվող արձակուրդի տրամադրման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից պատրաստվում է մեկնել գործուղման։ Նմանատիպ կարգավորում առաջարկվում է նաև համատեղությամբ աշխատանքային պայմանագրով աշխատողի համար։

Բացի այդ, աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն աշխատակցին տրամադրվում է միայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո, չնայած որ գործող կարգավորումներով նախատեսված է, որ արձակուրդը որպես կանոն է տրամադրվում 6 ամիս հետո։ Հետևաբար, այժմ նախատեսվում է կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրել նաև մինչ այդ ժամկետի լրանալը։  

Առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.e-draft.am/projects/3213։