Տաթևիկ Ստեփանյանը «Խարբերդի մասնագիտացված մանկատանն» այսօր մասնակցել է «Ներառման կամուրջներ» խորագրով գիտաժողովին

0
88

«Խարբերդի մասնագիտացված մանկատանն» այսօր տեղի է ունեցել «Ներառման կամուրջներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Մինչ մեկնարկը՝ նախարարի տեղակալը շրջայց է կատարել մանկատան տարածքում, տնօրենի հետ քննարկել ընթացիկ ծրագրերը, մանկատան սաներին մատուցվող ծառայությունների որակին և դրանց արդյունավետությանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրույցի ընթացքում Տ․ Ստեփանյանն ընդգծել է մանկատան սաների անկախ կյանքի հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ նախարարության համար առաջնահերթություն է ապաինստիտուցիոնալացման գործընթացի սահուն իրականացումը։

«Կառուցել կամուրջներ» եվրասիական ծրագրի շրջանակում, որի նպատակն արվեստի, արհեստի և աշխատանքի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն է, գիտաժողովի մասնակիցները ներկա են գտնվել կավագործության և փայտի մշակման դասընթացներին, ուսումնասիրել մանկատան շահառուների, ուսանողների և մասնագետների համատեղ աշխատանքները։ Ներկաները զրուցել են երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով և առօրյա զբաղվածությամբ։

Ծրագրի առանձնահատկությունները, կատարված աշխատանքն ու այլ մանրամասներ քննարկվել են արդեն գիտաժողովի շրջանակում, որին մասնակցել են համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչները, մի շարք գործընկերներ,  ուսանողներ և շահագրգիռ այլ կողմեր:

Գիտաժողովն իրականացվել է որպես «Կառուցել կամուրջներ» եվրասիական ծրագրի բաղադրիչ՝ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և «Մայրի» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Հիշեցնենք, որ «Կառուցել կամուրջներ» եվրասիական ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին և ավարտվում է 2021 թվականին, որին մասնակցում են Նորվեգիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Հայաստանը: