Մեկնարկել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված երեք ծրագիր

0
121

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և  ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոյի մասնակցությամբ ազդարարվել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող երեք նոր ծրագրի պաշտոնական մեկնարկը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ծրագրերի` «Արժանապատիվ աշխատանք հիմա», «Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» և «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների․ Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» մանրամասները՝  նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ 

Ռուբեն Սարգսյանն իր ելույթում ողջունել է աշխատանքային իրավունքների առավելագույն իրացմանը նպաստող նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը և այս համատեքստում շեշտել քաղհասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ՏՏ լուծումներն առավելապես կնպաստեն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ իրականացմանը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկում է ոլորտի պետական քաղաքականության բարեփոխումներ՝ նպատակ ունենալով օրենսդրությունն առավելապես համապատասխանեցնել ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ կոնվենցիաներին։ Նախարարության կողմից աշխատանքի ոլորտի պետական քաղաքականության բարեփոխման ցանկացած նախաձեռնություն՝ իրավական ակտի նախագիծ, ներկայացվում է մեր հիմնական միջազգային գործընկեր կազմակերպությանը՝ ԱՄԿ-ին, ինչպես նաև սոցիալական գործընկերներին՝ առաջարկություններ ստանալու նպատակով, ինչպես նաև դրվում է հանրային քննարկման»,- նշել է Ռ․ Սարգսյանը։

Նախարարի տեղակալը հավելել է, որ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից ԱՍՀՆ կարևորում է նաև մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների առաջարկները․ «Կարծում ենք, որ նման կազմակերպությունների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի ոլորտի զարգացմանն ու օրենսդրության կատարելագործմանը»։

Հանդիպման ընթացքը նշանավորվել է նաև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, ապա շարունակվել հարցուպատասխանի ձևաչափով։