«Ինչպես հասկանալ երեխային» խորագրով սեմինար՝ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաներից մեկի նախաձեռնությամբ։
Այսօր Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում կայացել է «Ինչպես հասկանալ երեխային» խորագրով սեմինար։ Նախաձեռնությունը կենտրոնի սաներից մեկինն էր, ում հրավերով էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է սեմինարին։
Ի՞նչ անել երեխային լավ հասկանալու և շփումն ավելի սահուն կազմակերպելու համար, ինչպե՞ս հաշտվել նեղացած փոքրիկի հետ․ այս և այլ հարցերի մասին է խոսել Ա․ Մ՝ անդրադառնալով նաև երեխա-ծնող փոխհարաբերությունների, փոքր տարիքում առաջացած վախերին և դրանց պատճառներին։
Նախարարի տեղակալը միջոցառումն առանձնահատուկ է բնորոշել նրանով, որ սեմինարի կազմակերպումն ու ողջ ընթացքն իրականացվել է երեխաների անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ։
Ինտերակտիվ շփման ընթացքում համատեղ քննարկվել են նաև մի շարք խնդրահարույց դեպքեր, որում կարող են հայտվել երեխան ու ծնողը, երեխան ու նրան խնամող անձը, քննարկվել են այդ իրավիճակների հաղթահարման տարբերակները, ընդգծվել է սխալ քայլը ժամանակին գիտակցելու և ներողություն խնդրելու կարևորությունը։
Դասընթացի ավարտին Տաթևիկ Ստեփանյանը նաև շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել երեխաների հետ՝ նախասիրությունների և սիրելի զբաղմունքների մասին։