Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված «Միասին մենք կհաղթահարենք» խորագրով միջոցառմանը։
Անդրադառնալով COVID-19 համավարակի և Արցախյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներին և սոցիալական ոլորտում սահմանված նոր առաջնահերթություններին՝ Աննա Ժամակոչյանը նշել է, որ Կառավարությունը ճգնաժամի ամենավաղ փուլում արցախցիների համար մշակել ու իրականացրել է մի շարք միջոցառումներ և ծրագրեր՝ ուղիղ ֆինանսավորման, պարենային, զբաղվածության և այլ տեսակի աջակցությունների տեսքով։
Նախարարի տեղակալի խոսքով՝ Արցախից տեղահանված անձանց սոցիալական բեռի մեղմման, մարդասիրական օգնության ու կարիքների բավարարման հարցում Կառավարության կողմից գործադրվող ջանքերին սերտ աջակցել են նաև միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալություն, «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն և այլք։
Ընդգծելով դրամական աջակցության տրամադրման կարևորությունը՝ Աննա Ժամակոչյանը միաժամանակ նշել է, որ առաջնահերթ է նաև արցախահայերի համար սեփական աշխատանքով եկամուտ ստանալու պայմանների ստեղծումը, նրանց որակյալ կրթության ապահովումը, որի իրագործումը հնարավոր է՝ համակարգելով և համախմբելով բոլորի ջանքերն՝ ի նպաստ խոցելի անձանց սոցիալական բարօրության։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Արցախի և տեղացի երեխաների նորարարական նկարչական աշխատանքները, կայացել են թեմատիկ մրցույթներ։
Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի սաները միջոցառմանը ներկա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դիվանագիտական գործակալությունների ներկայացուցիչների, տեղացի և արցախցի ընտանիքների համար ասմունքել են, երգել ու պարել։