Ռուբեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակում կայացած տեսակոնֆերանսին

0
91

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն  այսօր մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակում կայացած  տեսակոնֆերանսին:

Նախարարի տեղակալը նախ ողջունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականին վերոնշյալ դաշինքի նախագահության ստանձնումը, ապա կարևորել ոլորտային համագործակցությունը, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունն աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության  իրավակարգավորումների մշակման գործընթացում։

Անդրադառնալով Հայաստանում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում կատարված փոփոխություններին՝ նախարարի տեղակալը մանրամասնել է․ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին լիազորություն է վերապահվել տարերային աղետների, համաճարակների, դժբախտ պատահարների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում գրավոր դիմումի դեպքում իրականացնել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն»։

 Ի դեպ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը 2013 թվականի սեպտեմբերից պետական վերահսկողություն էր իրականացնում մասնակի՝ միայն աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ուղղությամբ և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ: Իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից տեսչությունն աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կիրականացնի ամբողջական պետական վերահսկողություն։