Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

0
208

Անձը կարող է դիմել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար, հետևյալ դեպքերում․

1․ Եթե լրացել է քաղաքացու 55 տարին, ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (Թիվ 1 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշման N 1 հավելվածում):  

2․ Քաղաքացին կարող է դիմել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար նաև այն դեպքում, երբ լրացել է քաղաքացու 59 տարին, նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում, մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք, ապա կարող է դիմել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար (Թիվ 2 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշման N 2 հավելվածում):

3․ Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի նաև քաղաքացին, որի 55 տարին լրացել է, ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (Թիվ 3 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման N 1 հավելվածում):

4․ 59 տարին լրացած քաղաքացին, ով ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք, ևս ունի արտոնյալ կենսաթոշակի իրավունք (Թիվ 4 ցուցակ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման N 2  հավելվածում):

Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ, ապա աշխատանքի բնույթը հաստատվում է կազմակերպության կողմից տրված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքի հիման վրա։

Միաժամանակ, աշխատանքի բնույթը հաստատող տեղեկանքում նշվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը և այն սկզբնական փաստաթղթերը, որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին  կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ ներկայացնելով՝ անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), աշխատանքային գրքույկ և ըստ անհրաժեշտության՝ օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։