Ամփոփվել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները․ ապագա սոցիալական աշխատողները ներկայացրել են ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները

0
100

Հունիսի 24-ին և 25-ին ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում անցկացվել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի շրջանակում նախատեսված ավարտական քննությունները։

Երևանի վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատողներից կազմված ունկնդիրների խումբը հանձնաժողովին ներկայացրել է դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքը, պատասխանել նրանց հարցերին։

Դասընթացը, որի նպատակն էր նպաստել սոցիալական ոլորտի համայնքային պատասխանատուներին՝ սոցիալական աշխատանքի վերաբերյալ գիտելիքի և հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ամփոփվել է եզրափակիչ բանավոր քննությունով, որն անցկացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովի անդամներն էին ունկնդիրներին դասավանդած դասախոսներ, ԱՍՀՆ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, նախագահում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Հիշեցնենք, որ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացը տևել է շուրջ 3 ամիս, որի ընթացքում 60 ունկնդիր անցել են նախ ներածական մաս, ապա մասնակցել հիմնական ուսուցման փուլին, ուսումնասիրված յուրաքանչյուր առարկայի շրջանակում հանձնել քննություններ և սոցիալական աշխատանքի հմուտ մասնագետների աջակցությամբ անցել մասնագիտական պրակտիկա։ Դասընթացի ավարտական քննության արդյունքում 59 ունկնդիր կստանան «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման ավարտական վկայական, որը նրանց թույլ կտա աշխատել որպես սոցիալական աշխատողներ։ 

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցում դասընթացը նախաձեռնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (ՀՀՍԾ) ծրագրի աջակցությամբ, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի իրականացմամբ` շուրջ 60 համայնքային ծառայողներին Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգում սոցիալական աշխատանք իրականացնելու նպատակով: