Շուրջ 19 մլն 800 հազար դրամ՝ Արմավիրի և Շիրակի մարզերում 245 երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու համար

0
96

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։

Արմավիրի (ք. Մեծամոր) և Շիրակի (ք. Արթիկ) մարզերում խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 19 մլն 800 հազար դրամ։

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 245 երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝  երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:

Ցերեկային կենտրոններում գործում են նաև մշակութային խմբակներ՝ կավագործության, նկարչության, երգի և պարի, կյանքի և սոցիալական հմտությունների ուսուցման։ Մեծամորի կենտրոնում գործում է նաև «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը, որն բեմադրում է ներկայացումներ համայնքի երեխաների համար։ Կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ Արթիկի և Մեծամորի կենտրոնների երեխաների կավի աշխատանքերն ու նկարները ցուցադրելու համար։

Երեխաների համար կազմակերպվել են նաև պատմա-մշակութային էքսկուրսիաներ Սարդարապատ, Գյումրիի Սև բերդ։

Մեծամորի և Արթիկի կենտրոններում ծնողների համար կազմակերպվում են ծնողավարման հմտություններ դասընթացներ, իսկ Մեծամորի կենտրոնում՝ նաև շյուղագործության խմբակ։

Վերոնշյալ մարզերում ծառայությունները մատուցվում է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության միջոցով։