«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ն այսօր նշել է գործունեության 6-ամյակը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը։
Վերջինս ներկա է գտնվել կենտրոնի բնակիչների կողմից պատրաստված միջոցառմանը, դիտել նրանց մասնակցությամբ թեմատիկ ներկայացումն ու ծանոթացել կենտրոնի պատմությանը։
Շնորհավորելով ՊՈԱԿ-ի աշխատակիցներին և շահառուներին կենտրոնի գործունեության 6-ամյակի առթիվ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել աշխատակիցների ամենօրյա անձնվեր աշխատանքը․
«Առանց սիրո ու նվիրվածության անհնար է կատարել այս տքնաջան ու պատասխանատու աշխատանքը, որի արդյունքը բնակիչներն ամեն օր են զգում։ «Ձորակը» և նմանօրինակ հաստատություններն իրականում ահռելի աշխատանք են կատարում առողջական խնդիրներ ունեցող անձանց խնամքի պատշաճ կազմակերպման և անհրաժեշտ ծառայությունների մատուցման տեսակյունից։ Նախարարությունն էլ, իր հերթին, կշարունակի շահառուների համար առավել բարեկեցիկ, ապահով և անվտանգ կյանքի ապահովմանն ուղղված քայլերի իրականացումը»։
Այցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը նաև շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Կենտրոնի բնակիչները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, իրենց կողմից մշակվող ջերմոցն ու այգին։