Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։
Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատմումն ու հասցեական ծառայությունների արդյունավետ ապահովումը։ ՄՍԾ պետն ընդգծել է, որ այս գործընթացն էականորեն կնպաստի սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։
«Շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը ևս կարևոր է Միասնական սոցիալական ծառայության համակարգի կատարելագործման հարցում։ Ըստ այդմ՝ նման այցերն ու հանդիպումները պետք է առավել հաճախակի կազմակերպվեն ու շարունակական բնույթ կրեն։ Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, որը վստահաբար իր ներդրումը կունենա ՄՍԾ զարգացման գործում»,- նշել է Դավիթ Գասպարյանը։
Գործուղման շրջանակում կազմակերպվել է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցների այցը Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոն և «Նորք» տեխնոլոգիական կենտրոն։
Հյուրերը տեղում ծանոթացել են Շենգավիթի տարածքային կենտրոնի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, բաժինների կողմից իրականացվող աշխատանքներին, քաղաքացիների սպասարկման ընթացքին․իրականացվել է մտքերի, փորձի փոխանակում։
«Նորք» տեխնոլոգիական կենտրոնում քննարկվել է ԱՀ ՄՍԾ բաժինների տեխնիկական հագեցվածության ապահովման, աշխատանքների առավել արդյունավետ համակարգման տարբերակները։
Այցերի ընթացքում քննարկվել են նաև սոցիալական ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացման, քաղաքացիներից ստացված դիմումներին առավել օպերատիվ արձագանքմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել և իրականացնել մասնագիտական դասընթացներ։