Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց թվայնացման գործընթացը։
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:
Արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ պետք է ներկայացնել հետևյալ ժամկետներում`
1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,
2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում,
3) 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ ինն ամսվա ընթացքում,
4) 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում,
5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում։
Վերոնշյալ ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա տվյալ պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:
Մինչ աշխատանքային գրքույկները ՄՍԾ ներկայացնելը, անհրաժեշտ է հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել երկու ենթաբաժինները (առկայության դեպքում)՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը: