Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

0
99

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ։

Բարձր գնահատելով հայ-ճապոնական համագործակցությունը՝ նախարարի պաշտոնակատարը ողջունել է Ճապոնիայի կառավարության պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ հետպատերազմական շրջանում ցուցաբերած հումանիտար օգնության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պատերազմի հետևանքների կանխարգելման միջոցառումները, դրանց ընթացքն ու արդյունքները․ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում անկախ կյանքի կենտրոնների ստեղծան, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում ճապոնական փորձը․

«Ուրախ կլինենք սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի ունեցած փորձը ներդնել Հայաստանում։ Պատրաստակամ ենք համագործակցել, ուսումնասիրել և քննարկել այն արդյունավետ ծրագրերը, որոնց կիրառումը հնարավորություն կտա կարգավորել տվյալ ոլորտում առկա խնդիրներն ու արձանագրել հաջողություն»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական և համապարփակ տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս առավել խորքային ճանաչել Հայաստանն ու արդյունավետ համագործակցել։

«Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը․ կարծում եմ՝ ակտիվ համագործակցության և փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն կտան դրանք ծառայեցնել հօգուտ ոլորտի զարգացման»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխելու վերաբերյալ։