Հայաստանը բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը

0
87

 Հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը․ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է՝ պայմանավորված նախորդ տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությամբ։

Զեկույցը մատնանշում է բարելավման կարիք ունեցող ուղղությունները, մասնավորապես՝ զոհերի նույնացումն ու աշխատանքային թրաֆիքինգը, կարևորում խնդրի վերաբերյալ իրազեկումն ու միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը։

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է առավել ընդգրկուն դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը։ Այս գործընթացում կարևորվում է նաև երևույթի առավել արդյունավետ կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նույնացման, աջակցության ու պաշտպանության մեխանիզմների բարելավումը։

Նախարարությունը շարունակում է իրականացնել նաև օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց համար։ Նրանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն, ինչպես նաև 250,000 դրամ աջակցություն։