Արարատի մարզում տեղի է ունեցել Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նիստի ընթացքում ներկայացվել են գյուղաբնակ կանանց համար իրականացվող միջոցառումները, կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակմանն ուղղված ծրագրերը։
Քննարկվել են Արարատի մարզի քաղաքական և հասարակական կյանքում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ մի շարք հարցեր, մարզի տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված խնդիրներ, ինչպես նաև հստակեցվել հետագա անելիքները։
Կարևորելով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման նպաստավոր պայմանների ստեղծումը՝ Տաթևիկ Ստեփանյանն արժևորել է գենդերային ռազմավարությունից բխող միջոցառումների պատշաճ և հասցեական իրականացումը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև գենդերային հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության մեխանիզմների ու կարողությունների ներդրումը։
«Գենդերային անհավասարությունն ու խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են հանդիսանում և այս փուլում հատկապես, Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովումը՝ գենդերային բաղադրիչի ներառմամբ: Պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր (մասնավորապես, զբաղվածության ոլորտի), ուղղված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց կարողությունների հզորացմանն ու զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը։
Հանձնաժողովը, որի նպատակն է աջակցել մարզերում և Երևանում գենդերային պետական քաղաքականության իրականացմանն ու նպաստել ՀՀ-ում գենդերային քաղաքականությանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրագործմանը, աշխատանքներ է իրականացնում նաև շահագրգիռ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ։