Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին։
Բարձր գնահատելով միջազգային փորձագիտական աշխատանքների դերը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է GIZ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Վերջինս ընդգծել է՝ որոշ դեպքերում փորձի փոխանակումն ու փորձագիտական աշխատանքները կարող են առավել օգտակար և արդյունավետ լինել, քան որևէ այլ աջակցություն․
«Որքան պրոֆեսիոնալ ու կայացած լինի Միասնական սոցիալական ծառայության համակարգն, այնքան ավելի մատչելի ու արդյունավետ կլինեն պետական ծրագրերն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Ուստի, Միասնական սոցիալական ծառայության 5-ամյա ռազմավարության մշակման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև GIZ-ի փորձագիտական աջակցությունը»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել ՄՍԾ համակարգի զարգացման գործում՝ կարևորելով կառույցի գործառույթների կատարելագործումն ու զարգացումը, ինչպես նաև խնդիրների կարգավորման տեսլականի մշակումը։
«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների մասին ԱՍՀՆ կողմից տրամադրված տեղեկատվությունը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել Միասնական սոցիալական ծառայության մատուցած ծառայությունների մասին։ Այս հարցում ևս Հայաստանի կողքին ենք և պատրաստակամ՝ կիսվել մեր ունեցած փորձով և տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- նշել է Մադլեն Ռաուշենբերգերը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների աջակցության գործող և նախատեսվող ծրագրերի զարգացումն ու տեղահանված անձանց արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Մադլեն Ռաուշենբերգերն ընդգծել է՝ GIZ-ն իր քաղաքականության մշակման գործում մեծ տեղ է հատկացնում արցախցիներին և պատրաստակամ է աջակցել նրանց՝ առկա հիմնախնդիրների կարգավորման գործում։
Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄՍԾ ղեկավարների հետ առաջիկայում կազմակերպել աշխատանքային քննարկում՝ համագործակցության շրջանակի հստակեցման նպատակով։