Սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում բարեփոխումների իրականացում, նոր ծրագրերի և նախաձեռնությունների մշակում ու իրագործում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Կարևորելով երկու երկրների պետական և մասնավոր հատվածների ներուժի համախմբումն ու Ֆրանսիայի կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողված ծրագրերի փորձի փոխանակումը՝ ԱՍՀ նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը ևս մեկ կարևոր քայլ է համարել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
«Ակնկալում ենք, որ հուշագիրն արդյունավետ գործիք կլինի սոցիալական պաշտպանության ոլորտում ռազմավարական առաջնահերթ միջոցառումների իրականացման, նոր ծրագրերի և նախաձեռնությունների մշակման և փորձի փոխանակման համար։ Հուսով ենք, որ հուշագրի ստորագրումից հետո համագործակցության գործուն աշխատանքներ կսկսենք առևտրաարդյունաբերական պալատում ներկայացված տարբեր ֆրանսիական ընկերությունների հետ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսպիսով հանձն է առել առանձնացնել ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, ապահովել նախարարության ոլորտային պատասխանատուների ներգրավվածությունը, ներկայացնել ծրագրային առաջարկներ ու նոր նախաձեռնություններ:
Հուշագրի շրջանակում ՖՀ ԱԱՊ-ն պարտավորվել է ներգրավել պալատի նվիրատու և հովանավոր անդամ ընկերություններին՝ նախարարության կողմից մշակված սոցիալական ծրագրերի իրականացումը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ապահովել ֆրանսիական ընկերությունների կողմից փորձաքննության իրականացումը Հայաստանում սոցիալական բնակարանաշինության էկոհամակարգի ստեղծման և զարգացման հարցում։
Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելիանը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպել կարճաժամկետ և մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ ու աշխատանքի տոնավաճառներ ՖՀ ԱԱՊ անդամ ընկերությունների ներգրավմամբ՝ աջակցելու աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց։
«Պայմանագրի կնքումը կամրապնդի սոցիալական և տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև։ Նախատեսում ենք նախարարությանը տրամադրել բոլոր անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները սոցիալական բնակարաշինության բնագավառում ֆրանսիական փորձի իրականացման համար»,-նշել է Տիգրան Առաքելիանը։