Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի ներկայացուցիչներին

0
78

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկին և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հիմնադիր Մարիան Ժամկոչյանին։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները։ Որպես առաջնահերթություն նշել է մասնագիտական կողմնորոշման  ոլորտի զարգացումն ու հզորացումը, քանի որ գործազրկության կանխարգելման մեխանիզմներից մեկն էլ հենց դա է։ Վերջերս ստեղծված միասնական սոցիալական ծառայության գրասենյակում ևս տեղում քաղաքացուն տրվելու է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։

Ռուբեն Սարգսյանը խոսել է նաև պատերազմի հետևանքների մեղմման նպատակով արցախցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի մասին՝ կարևորելով նրանց զբաղվածության խնդիրների լուծումն ու հետագա տնտեսական ակտիվության ապահովումը։ Դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց համար հումանիտար օգնությունը կարևոր է, սակայն տնտեսական ակտիվության ապահովումն՝ առավել կարևոր։

Պետության և տնտեսության փոխկապակցվածության և համագործակցության կարևորությունը նշել է նաև ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը՝ հստակեցնելով, որ այն հնարավորություն է ստեղծում վերլուծելու աշխատաշուկայի խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները։

Ուտե Ֆոկը նախարարության պաշտոնյաներին ներկայացրել է այն ծրագրերն ու առաջարկները, որոնք աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացնելու դեպքում կունենանք երկարաժամկետ արդյունքներ։

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հիմնադիր Մարինա Ժամկոչյան էլ խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես կարևորելով աշխատաշուկայի ոլորտային հետազոտությունները, որոնց արդյունքները կարող են օգտակար լինել նախարարության համար:

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում ստորագրել փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որի շրջանակում կհստակեցվեն  ծրագրերը, կքննարկվեն  իրականացման մեխանիզմները։