Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հյուրընկալել է Key2enable կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր, վերջինիս հրավերով, այս օրերին Հայաստանում են՝ տեղի գործընկերներին աջակցող նորագույն տեխնոլոգիաները ներկայացնելու և վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով։
Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնել է հրավերն ընդունելու համար և նշել, որ սա կարող է արդյունավետ համագործակցության սկիզբ դառնալ
«Լիահույս եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կկարողանանք լիարժեք պատկերացում կազմել Ձեր կողմից ներկայացվող աջակցող միջոցների մասին՝ դիտարկելով դրանք նաև Հայաստանում օգտագործելու հնարավորությունները։ Մեր մասնագետները պատրաստակամ են` նորը սովորելու և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հօգուտ շահառուների ծառայեցնելու գործում»,-նշել է Ն․ Մկրտչյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պահին Նախարարությունն ուսումնասիրում է աջակցող մի շարք այլ նորագույն միջոցներ ևս՝ դրանց կարիքն ունեցող անձանց հնարավորինս արդյունավետ տարբերակներ առաջարկելու համար։
Վերջինս հյուրերին ներկայացրել է նաև Նախարարության այս պահի առաջնահերթությունները, խոսել հաշմանդամություն ունեցեող անձանց՝ պետության կողմից տրամադրվող, ինչպես նաև պետբյուջեից պատվիրակվող և հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, հավաստագրի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների և այլնի մասին։
«Հայաստանի կառավարության կողմից իրականում սա հրաշալի նախաձեռնություն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետներին հնարավորություն տալու ծանոթանալ աշխարհում կիրառվող փորձին, ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց կիրառման մեխանիզմները»,- նշել է Key2enable կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Ջոուզ Ռուբինգերը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենց կողմից արվում է ամենն՝ ստեղծած սարքավորումները կատարելագործելու և նոր միջոցներ գործարկելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը հյուրերին ուղեկցել է նաև Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ՝ տեղում սաների հետ ծանոթանալու, առաջիկա անելիքները քննարկելու համար։
Վերապատրասման դասընթացները կանցկացվեն օգոստոսի 2-ից 4-ը, որի շրջանակում կվերապատրաստվեն նախարարության խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետ։
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՍՀՆ կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: