Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցներն ու Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի ներկայացուցիչներն այսօր քննարկել են մարզերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական դեպքերի շուրջ համագործակցության ձևաչափերը։
ՄՍԾ պետի առաջին տեղակալ Լիլիթ Սեդրակյանի խոսքով՝ ապրիլի 1-ից գործող նոր համակարգի նպատակն է քաղաքացուն տալ համալիր ծառայություններ՝ մեկ միասնական հարթակի միջոցով, ինչպես նաև դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին տրամադրել այնպիսի աջակցություն, որը թույլ կտա ինքնուրույն լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։
Լիլիթ Սեդրակյանն ընդգծել է նաև հասարակական և այլ կազմակերպությունների համագործակցության դերը՝ նմանատիպ ընտանիքների կարողությունների և խնդիրների լուծման գործում։
Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը խոսել է սոցիալապես դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների համար իրենց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Առանձնահատուկ կարևորել է նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ստեղծումը․ «Մենք պատրաստ ենք համագործակցել տարածքային կենտրոնների աշխատակիցների հետ՝ ոչ միայն փոխանցելու մեր հմտություններն ու գիտելիքներն, այլև նրանցից սովորելու ։ Համագործակցության արդյունքում, համոզված եմ՝ կունենանք կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների համակարգված ինստիտուտ, որի միջոցով հնարավորինս արագ և արդյունավետ կլուծվեն մեր հայրենակիցների խնդիրները»,– հավելել է ծրագրի ղեկավարը։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է Միասնական սոցիալական ծառայության գործառույթներն ու նպատակները, համակարգի գործունեությունն ու անելիքները։
Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչը խոսել է նաև մարզերում իրականացված « Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոնների մասին, որոնց միջոցով համայնքում ապրող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներն ու երեխաները ստանում են հոգեբանի, լոգոպեդի, արտ թերապիայի և այլ ծառայություններ։ Աշխատակիցները ընթերցանության, նկարչության, խաղերի միջոցով զարգացնում են երեխաների ինտելեկտուալ կարողությունները, ինչպես նաև գիտելիքներ են փոխանցում առողջ ապրելակերպի, կյանքի հմտությունների և այլնի մասին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել նոր գաղափարներ ու առաջարկություններ։