Ավելի քան 14 մլն դրամ՝ աուտիզմ ունեցող անձանց Լոռու մարզում սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման համար

0
94

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է սոցիալ-հոգեբանական ծառայություններ տրամադրել աուտիզմ ունեցող անձանց։

Վերոնշյալ գործընթացը Լոռու մարզում իրականացնելու նպատակով` նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է ավելի քան 14 մլն դրամ։

«Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակում նախ իրականացվում է շահառուների կարիքների և կարողությունների գնահատում, ապա անհրաժեշտ աշխատանքներ են տարվում խոսքի և հաղորդակցման, ճանաչողական հմտությունների զարգացման և գիտելիքի ձևավորման ուղղությամբ։

Ցերեկային կենտրոնում մասնագետները ձևավորում և զարգացնում են աուտիզմ ունեցող անձանց ինքնասպասարկման, կենցաղավարման և ինքնուրույն կյանք վարելու հմտությունները։ Շահառուների զբաղվածությունն ապահովվում է տարբեր խմբակներում կազմակերպվող դասընթացների միջոցով, տրամադրվում է մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, կազմակերպվում մշակութային միջոցառումներ։ 

Լոռու մարզում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում  է  «Առավոտ» հասարակական կազմակերպության միջոցով։