Ո՞ր դեպքերում է վերջնահաշվարկ կատարվում աշխատողի հետ

0
148

Աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագրի լուծման օրն աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ, եթե Աշխատանքային օրենսգրքով, ոլորտը կարգավորող օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ՝ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Եթե աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն գործատուի կամ իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ, ապա այդ դեպքում աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

Վերջնահաշվարկ կատարելիս՝ գործատուն պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ։ Որպես աշխատավարձին հավասարեցված այլ վճարում համարվում է՝ օրինակ, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը։

Եթե այդ պարտավորությունը հնարավոր չէ կատարել (գործատուից անկախ պատճառներով), ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: