Մեկնարկել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Արաբկիր» բժշկական համալիրի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. Լսողության աջակցություն ծրագրի» հիմնադիր Կավուկչյան ընտանիքի և հայ համայնքի բարերարների աջակցությամբ 2020թ. արցախյան պատերազմի մասնակիցներին լսողական սարքեր տրամադրելու գործընթացը:
Հոկտեմբերի 1-ից 4-ը պատերազմի այն մասնակիցները, որոնց մոտ ի հայտ են եկել լսողական խնդիրներ, կարող են այցելել Մամիկոնյան 17 («Աննաբելլա» հյուրանոց), որտեղ կազմակերպվում են լսողական սարքերի ընտրության, հարմարեցման և տրամադրման բոլոր փուլերը:
Այսօր ծրագրի թիմը հյուրընկալել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին: Վերջինս հավաստիացրել է, որ բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու անհատների նման նախաձեռնություններն, իրապես, մեծ օգնություն են ինչպես հենց շահառուներին, այնպես էլ պետությանը: Նա նշել է, որ անհրաժեշտ է նախարարությանը ներկայացնել տրամադրվող սարքերի ամբողջական տեխնիկական նկարագրերը, որպեսզի դրանք փոխելու անհրաժեշտության դեպքում՝ գերատեսչությունը կարողանա տղաներին նույն կամ ավելի բարձր դասի սարքեր տրամադրել` այդ պահին եւս գնահատելով նրանց կարիքը:
Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Այն իրականացվել է Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով: Հավաքագրված 250 անձից հետազոտվել է մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր:
Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցել պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների․ շահառուների գրանցման գործընթացը դեռ շարունակվում է:
Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողության խորը կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները կստանան նաև հետխնամքի անվճար ծառայություններ` անսարքությունների շտկման եւ հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:
Թիմը վստահ է, որ այս սարքերը կբարելավեն պատերազմի հետևանքով լսողության խնդիրներ ձեռքբերած զինվորների, կամավորների և քաղաքացիների կյանքի որակը, կնպաստեն նրանց վերաինտեգրմանը` կրթական, աշխատանքային միջավայրեր և, իհարկե, կօգնեն հոգեբանորեն ավելի ինքնավստահ լինել ու առաջ շարժվել` պարզապես լսելով սարքերի օգնությամբ:
Հայաստանում լսողական սարքերի տրամադրման գաղափարը Կավուկչյան ընտանիքում ծնվել է 2015թ-ին: 2017թ-ին արդեն ամերիկյան Սթարկի լսողության հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է առաջին առաքելությունն Երևանում և մարզերում, ինչը շարունակվել է նաեւ 2018-ին և 2019-ին: Արցախը նույնպես ներգրավվել է ծրագրում և 2019-ին 1000 անձ լսողական սարք է ստացել Ստեփանակերտում իրականացված առաքելության շնորհիվ: