Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին։
Միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ․ սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։
Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։
Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։