Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Տարեցների միջազգային օրն է, որը Հայաստանում նշվում է դեռևս 1996 թվականից։ Տոնի խորհուրդն ու նշանակությունը կարևորելով՝ ի սրտե շնորհավորում եմ ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներին։
Սա ևս մեկ առիթ է մեծարելու տարեցներին, ուշադրություն հրավիրելու նրանց հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով ու հոգատարությամբ:
Հայաստանը համարվում է ծերացող բնակչություն ունեցող երկիր, ինչը պահանջում է տարեցների կարիքներին և ոլորտում առկա մարտահրավերներին արձագանքման նոր մոտեցումների ու մեխանիզմների մշակում: Այս համատեքստում, Կառավարությունը 2021 թվականին հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը, որի նպատակը տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումն է, ինչպես նաև նրանց կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը։
Ի թիվս մի շարք բարեփոխումների՝ 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն կենսաթոշակի չափը։
Ցանկանում եմ հավաստիացնել, որ տարեցները պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է ամենը՝ նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար։