Նախարարն Իզմիրլյան հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»

0
116

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր «Իզմիրլյան հիմնադրամի» ավագ փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանի, հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի և ծրագրերի ղեկավար Բաբկեն Բաբայանի հետ այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ։

Նախարարի ուղեկցությամբ վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, քննարկել առաջիկա անելիքները, զրուցել մանկատան սաների հետ։

Ներկաները եղել են նաև «Իզմիրլյան հիմնադրամի» կողմից կահավորված և վերջերս շահագործման հանձնված խաղահրապարակում, որը հնարավորություն կտա երեխաների ժամանցն ու առօրյան մանկատան տարածքում կազմակերպել առավել հագեցած և հետաքրքիր։ Բացի այդ, հիմնադրամի կողմից տրամադրվել է հարմարեցված 2 փոխադրամիջոց՝ երեխաների տեղափոխումն ապահովելու համար։

Հիմնադրամի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնելով մանկատանը մշտապես աջակցելու համար՝ նախարարը վերջիններիս հետ քննարկել է առաջիկա անելիքները, կարևորել երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունների ընդլայնումն ու դրան միտված ծրագրերի իրականացումը։