Ազգային ժողովն ընդունեց սոցփաթեթի ծառայությունները ևս երկուսով ավելացնելու օրենքի նախագիծը

0
96

Հայաստանում սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները։

Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները կարող են ուղղվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը։

Սոցփաթեթի շահառուները կկարողանան նոր ծառայություններից օգտվել սոցփաթեթի հատկացման կարգում (Կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշում) համապատասխան ընթացակարգերը սահմանելուց հետո միայն․ ներկայումս շրջանառվում է այդ ընթացակարգերը սահմանող համապատասխան նախագիծը։

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի միջոցները հնարավոր է ուղղել նաև շահառուի՝ Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպմանը, հիփոթեքային վարկի ամսական վճարի, ուսման վճարի մարմանն ու սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերմանը։

Սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողներն, այլև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողները: Սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: