Կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լիարժեք զարգացմանն ուղղված նախապայմանների ստեղծումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Քաղաքացիական կրթություն․ առցանց դասընթաց ուսուցանողների համար» ծրագիրը։ Այն իրականացվում է նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա և ցերեկային հաստատությունների աշխատակիցների ներգրավմամբ՝ ԱՍՀՆ և շվեյցարական «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։
Առցանց ձևաչափող իրականացվող երկամսյա կրթական գործընթացին մասնակցում է երեխաների խնամքի հաստատությունների 40 աշխատակից։ Վերջիններս հնարավորություն ունեն տեղեկանալ և ծանոթանալ քաղաքացիական կրթության նպատակներին ու խնդիրներին, ակտիվ քաղաքացիության կոմպետենցիաներին, ինչպես նաև վերջինիս կարևորությանը համայնքի զարգացման գործում։ Մասնակիցները նաև առցանց հարթակով ստանում են մի շարք թեմաների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրում և գործնականում կիրառում և տեղայնացնում դրանք։
Կրթական գործընթացի շրջանակում ԿԱԶԱ-ն նախատեսում է հաստատություններում կազմակերպել կրթական գործիքների աշխատարաններ, որտեղ կարող են այցելել հաստատության մասնագետները՝ կիրառական գործիքակազմի հարստացման նպատակով։ Մասնակից հաստատություններին կտրամադրվի հիմնադրամի կողմից ստեղծված կրթական խաղերի փաթեթ, որոնք մասնագետները կկիրառեն երեխաների հետ աշխատանքում։